ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել ու արժեքավորել ոչ միայն բնության երեւույթները, այլեւ ինքն իրեն, պարզել իր էության առեղծվածը: Այդ իմաստով մարդու համար իրենից ավելի հետաքրքրական օբյեկտ գոյություն չունի: Նա անընդհատ խորհել է այն մասին, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում, ինչպես է ծագել, որն է նրա կոչումը, կյանքի իմաստը եւ ապագան:


Մարդու մասին առաջին ամենապրիմիտիվ պատկերացումները ծագել են նախնադարյան կրոններում: Օրինակ, ըստ տոտեմիստների, մարդը ծագել է մի որեւէ կենդանուց կամ բույսից, որը եւ սրբացրել են: Մարդը պարտավոր էր պաշտպանել իր տոտեմին ու ծառայել նրան: Տաբու (արգելք) էր դրվել տոտեմին պոկելու (եթե բույս էր), սպանելու (եթե կենդանի էր), ուտելու կամ ընդհանրապես վնասելու վրա: Դա համարվում էր սրբապղծություն, որին հետեւելու էր սարսափելի պատիժ: Դիցաբանական կրոնների համաձայն մարդիկ ստեղծվել են աստվածների կողմից, որոնք հովանավորում եւ ուժ են տալիս նրանց: Իրենց աստվածների օգնությամբ են մարդիկ ապրում, պատերազմում, նորանոր տարածքներ ու ժողովուրդներ նվաճում, ստրուկներ ու հարստություններ ձեռք բերում: Փոխարենը մարդիկ պարտավոր էին պաշտել ու կատարել իրենց աստվածների պատգամները: Այդ պատճառով էլ ամեն մի ժողովուրդ ուներ իրեն հովանավորող աստվածները, հույները Զեւսին, հռոմեացիները Յուպիտերին, հայերը Արամազդին ու Վահագնին եւ այլն:
Դիցաբանական կրոններում հոգեւոր գերբնական ուժերը ծառայում էին մարդկանց մարմնական հզորությանը: Նրանք փաստորեն պաշտում էին մարմնական ուժը, հարստությունը, վայելքները, ցոփ ու շվայտ կյանքը, որոնք եւ հետագայում դարձան մասնավորապես հույների ու հռոմեացիների այլասերման եւ կործանման գլխավոր պատճառներից մեկը:
Անտիկ փիլիսոփայական ուսմունքներում մարդն առավելապես դիտվում էր որպես կոսմոսի բաղկացուցիչ մաս, որն իր հերթին մի փոքրիկ միկրոկոսմոս է եւ իր կյանքի ընթացքում ենթարկվում է ճակատագրին:
Ելնելով մարմնական ուժն ու վայելքները պաշտող անտիկ աշխարհի քայքայման ու հետագա կործանման դառը փորձից, քրիստոնեությունը եւ նրա փիլիսոփայությունը լիովին ոչնչացրին ողջ անտիկ մշակույթը՝ դիցաբանությունը, փիլիսոփայությունը եւ արվեստը: Դա մի փորձ էր համընդհանուր կործանումից փրկելու այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհը, այլ ոչ թե քրիստոնյա քահանաների տգիտության արդյունք, ինչպես դա ներկայացնում են մարքսիստները: Այդ պատճառով քրիստոնեությունն անիծեց մարմնականը, համարելով այն ստոր կրքերի ու ցանկությունների աղբյուր, սատանայի կողմից մարդկանց ներշնչվող մեղքերի անոթ: Քաղաքեները որպես անառակության ու վարակների բներ ոչնչացվեցին, արգելվեց մարմնական գեղեցկության ցուցադրումը որպես գայթակղության աղբյուր: Ամուսնությունն ու ընտանիքը սրբագործվեցինայսինքն՝ հռչակվեցին աստվածային գործ, ապահարզանն արգելվեց, որպեսզի ամրապնդվեին ընտանիքի բարոյական հիմքերը: Արհամարհելով մարմնականը, մարդը պետք է մտածեր միայն իր անմահ հոգու փրկության մասին: Դրա համար նա պետք է կատարեր Աստծու բոլոր պատգամները, բարոյական բոլոր պատվիրանները, որ մահվանից հետո նրա հոգին ընկներ դրախտ, միանար Աստծուն եւ հավերժական երջանկություն վայելեր:
Եվ, պետք է ասել, որ մարդկային արժեքների այս կտրուկ արմատական վերանայումը, բոլոր բարոյական խստությունները տվեցին իրենց դրական արդյունքները: Գյուղական առողջ կյանքը, հողագործի ծանր ֆիզիկական աշխատանքը մաքուր օդն, մաքուր մթերքներն ու ջուրը, ամուր բարոյական ընտանիքը վերականգնեցին մարդկանց առողջությունը:
Ինչպես տեսնում ենք, մարդու աստվածային ծագման եւ հոգեւոր էության կրոնափիլիսոփայական ուսմունքն իր մեջ մեծ բարերար մշակութաբանական եւ հումանիստական լիցք է պարունակում:
Նոր դարաշրջանի փիլիսոփայությունը, որը գլխավորապես իդեալիստական էր, քրիստոնեության ոգով, մարդուն դիտում էր նախ եւ առաջ որպես հոգեւոր էակ: Չափազանցնելով հոգեւորի դերը մարդու էության մեջ XIX-XX դդ. իդեալիստական փիլիսոփայությունը հանգեցնում էր այն այն կամ բնական, ռացիոնալ հիմքին, կամ էլ անբնական, իռացիոնալ հիմքին: Այսպես, գերմանական դասական փիլիսոփայության գլխավոր ներկայացուցիչը, Հեգելը, համաշխարհային ոգին համարելով բանական ուժ, մարդուն դիտում էր որպես նրա զարգացման երրորդ՝ բարձրագույն աստիճան: Ըստ նրա, լինելով բանական էակ, մարդը սոցիալ-պատմական գործընթացի անհրաժեշտ տարրերից է: Այդ գործընթացը տեղի է ունենում մարդկանց գործունեության եւ փոխազդեցության միջոցով, որտեղ կատարվում է մարդու հոգեւոր էության առարկայացումը եւ ստեղծվում է մարդուն շրջապատող առարկայական աշխարհը: Հեգելի համոզմամբ, մարդն այդ աշխարհի եւ՛ արարիչն է, եւ՛ արգասիքը:
Մարդու հոգեւոր էության իռացիոնալ ըմբռնմանը մենք հանդիպում ենք կյանքի փիլիսոփայության եւ էկզիստենցիալիզմի ներկայացուցիչների ուսմունքներում: Ըստ Բերգսոնի, մարդու էությունը բանական չէ, իռացիոնալ ու խորհրդավոր է, կարելի է ճանաչել միայն ինտուիցիայի միջոցով: Ըստ էկզիստենցիալիստ Յասպերսի, գոյություն ունի իռացիոնալ, ապատրամաբանական (ալոգիկ) մտածողություն, ավելի ստույգ, մտաճառագում, որն սկսում է գործել, երբ մարդը հայտնվում է սահմանային, իմա՝ ճգնաժամային իրավիճակներում:
Ի հակադրություն իդեալիզմի, մատերիալիստական ուսմունքները, հատկապես XVIII դարից սկսած մարդու ծագումն ու էությունը մեկնաբանել են մատերիալիստորեն, այսինքն՝ բնական պատճառների հիման վրա, մարդու էության մեջ գլխավորը համարելով մարմնականը, նյութականը, որը կարելի է ճանաչել միայն բանականության, մտածողության միջոցով: Մարդու էության մեջ, հետեւապես, ոչ մի խորհրդավոր, իռացիոնալ բան չկա: Մարդն ի վիճակի է ճանաչել ու տիրապետել ոչ միայն իր շրջապատի բնության երեւույթներին, այլեւ ինքն իրեն, իր մարմնին ու կենսագործունեությունը:
Սակայն փիլիսոփայության տարբեր ու հակադիր ուղղություններին բնորոշ է եղել նաեւ մի ընդհանուր գիծ: Ինչպես իդեալիզմն ու կրոնը, այնպես էլ մատերիալիզմն իր բոլոր դպրոցներով մարդու էությունը համարել են մշտապես կայուն եւ անփոփոխ: Դարերի պատմությունը ոչ մի փոփոխություն չի մտցրել մարդու էության մեջ: Նա ինչպես մարդ եղել է, այդպես էլ մնացել է: Այլ կերպ ասած, մարդու էությունն ըմբռնվել է մետաֆիզիկորեն որպես շարժումից ու փոփոխությունից զուրկ: Այս ըմբռնումը XIX դ. կեսերին գերմանացի փիլիսոփա Լ. Ֆոյերբախը զարգացրել ու ձեւակերպել է որպես անտրոպոլոգիական, մարդաբանական սկզբունք փիլիսոփայության մեջ: Անտրոպոլոգիական փիլիսոփայությունը մարդու էությունը նույնացրել է նրա ընդհանուր սեռային հատկանիշների հետ, այն բանի հետ, որ բոլոր մարդիկ էլ գիտակից, բանական, կամքով, բնավորությամբ ու զգացմունքներով օժտված, աշխատող ու բարոյական, այսինքն՝ բարու եւ չարի մասին գաղափար ունեցող, հասարակական հարաբերություններին ընդունակ էակ է:
Այստեղ անտեսվել է հասարակության պատմական զարգացման ազդեցությունը մարդու էության վրա, նրա սեռային հատկանիշների, իմա՝ նրա գիտակցության, բանականության, զգացմունքների, բարոյականության եւ այլնի վրա:
Մարքսիզմի փիլիսոփայությունը վերացրեց անտրոպոլոգիզմի այդ թերությունը, ցույց տվեց, որ մարդու էությունը հասարակության զարգացման ընթացքում պատմականորեն փոփոխվում է, մի հասարակարգից մի ուրիշին անցման հետեւանքով մարդը կորցնում է որոշ սոցիալական հատկանիշներ եւ ձեռք է բերում նորերը: Բայց մարքսիզմը եւս ընկավ միակողմանիության մեջ, գերագնահատելով այդ փոփոխությունները եւ թերագնահատելով մարդկային էության ընդհանուր գծերը: Դրանից էր բխում մարքս-լենինյանների ձգտումը ձեւավորելու նոր մարդու՝ կոմունիստական հասարակության մարդու կերպարը, որը պետք է էապես, որակապես տարբերվեր, դեռ ավելին, հակադրվեր բուրժուական հասարակության մարդուն: Սոցիալիզմի փլուզումը ցույց տվեց նաեւ նոր մարդ կերտելու կոմունիստական փորձերի սխալականությունը: