Պրակտիկան որպես ճշմարտության չափանիշ

պրակտիկան գիտելիքների ճշմարտության չափանիշն է: Ճշմարտության չափանիշի խնդիրը չափազանց կարեւոր է, որովհետեւ ճանաչողության ընթացքում մարդը հաճախ է սխալվում եւ ընկնում մոլորության մեջ, երեւույթը, այսինքն՝ իր աչքին թվացողն ընդունում է էության, իրականում կատարվողի տեղ:
Այդ պատճառով էլ ծագել է ճշմարտությունը մոլորությունից տարբերելու խնդիրը: Փիլիսոփաներին հետաքրքրել է մի հարց. կա՞ արդյոք մի չափանիշ, որը թույլ տա մարդկանց հստակորեն պարզել, թե որ գիտելիքն է ճշմարիտ եւ որը՝ ոչ: Սկեպտիկները ժխտել են այդպիսի չափանիշի գոյությունը եւ դրա հիման վրա ճշմարտությունը մոլորությունից տարբերելու հարցը համարել են անլուծելի: Իսկ այն փիլիսոփաները, որոնք աշխարհը ճանաչելի են համարում, առաջարկել են մի շարք չափանիշներ: Ըստ ռացիոնալիստների, ճշմարտության չափանիշը մտքի պարզորոշությունն ու հստակությունն է, ըստ էմպիրիկների՝ մտքի համընկնումը զգայությունների հետ, կամ վերիֆիկացիան, այսինքն՝ անմիջական զգայական փորձով ստուգելը, ըստ ռելյատիվիստների՝ գիտելիքի հանրանշանակ բնույթը, ըստ պրագմատիկների՝ հաջողությունը կամ օգուտը եւ այլն:
Սակայն բոլոր վերը թվարկված չափանիշները հուսալի չեն, որովհետեւ սուբյեկտիվ են, գտնվում են գիտակցության, նրա ճանաչողության մեջ: Իսկ ճանաչողությունը, իմացությունը չի կարող ինքն իր իսկ ճշմարտության որոշակի չափանիշը լինել: Հիրավի, այն, ինչ մեկի համար պարզորոշ ու հստակ է, մյուսի համար կարող է բոլորովին էլ պարզորոշ ու հստակ չլինել: Զգայությունները, նրանց միջոցով գիտելիքի վերիֆիկացիան եւս բավարար չէ, որովհետւ, ինչպես արդեն պարզել ենք, զգայությունները հաճախ են խաբում մարդկանց եւ, դրանից բացի, ոչ ամեն ինչ է հնարավոր զգայապես ստուգել, հատկապես ընդհանուր տեսական դրույթները: Հանրանշանակությունը  եւս պիտանի չէ, քանզի մարդիկ զանգվածաբար եւս կարող են սխալվել: Իսկ ինչ վերաբերում է հաջողությանը, ապա մարդիկ կարող են հաջողության հասնել եւ օգուտ քաղել նաեւ խաբեության միջոցով: Եվ, ցավոք, աշխարհում քիչ չեն խաբեությամբ ոչ միայն ապրողները, այլեւ բարգավաճողները: 
Ճշմարտության չափանիշը պետք է օբյեկտիվ լինի, որովհետեւ ճշմարտությունն իր բովանդակությամբ օբյեկտիվ է, օբյեկտիվ աշխարհի արտացոլումն է: Այն պետք է ապահովի մարդկային իմացության ելքը դեպի արտաքին աշխարհ, հնարավորություն տա համեմատելու գիտելիքներն օբյեկտիվ իրերի ու երեւույթների հետ: Այդպիսի օբյեկտիվ չափանիշ կարող է լինել միայն պրակտիկան, մարդու նպատակադիր նյութական, առարկայական գործունեությունը: Պրակտիկան, լինելով օբյեկտիվ, միաժամանակ անմիջական ու համընդհանուր է, որովհետեւ նրա միջոցով է մարդն ուղղակի եւ համակողմանի ներգործության մեջ մտնում աշխարհի հետ:   Բնական իրերի ու երեւույթների մասին գիտելիքների ճշմարտությունն ստուգելու համար դիմում են գիտափորձին, դիտարկումներին, արդյունաբերությանը եւ գյուղատնտեսությանը, որոնց շնորհիվ մարդիկ արհեստական պայմաններում վերարտադրում են այս կամ այն իրերն ու երեւույթները: