Պրակտիկան իմացության մեջ կատարում է եռակի դեր:

Նախ, այն իմացության հիմքն ու շարժիչ ուժն է:
Դա նշանակում է, որ մարդը ճանաչում է աշխարհը պրակտիկայի միջոցով, ազդելով ու վերափոխելով շրջապատի իրերն ու երեւույթները: Աշխարհը զգայապես ընկալելու մարդկային կարողությունը պրակտիկայի պատմական զարգացման արդյունք է: Այդ ընթացքում են ձեւավորվել ու զարգացել մարդու զգայարանները, մարդու կարողությունը ընկալելու աշխարհը կոնկրետ, բազմակողմանի, գունեղ ու ճշգրիտ: Հայտնի է, օրինակ, որ մարդու զգայարանների սրությունը կախված է նրա մասնագիտությունից: Երաժշտագետների ականջը սովորական մարդկանց ականջից ավելի լավ է ընկալում ձայները, գեղանկարիչների աչքն ավելի լավ է ընկալում գույների երանգները, քան ոչ գեղանկարիչների աչքը: Ստուգված է, օրինակ, որ սեւ գույնի կտավ արտադրող ջուլհակները տարբերում են սեւ գույնի մինչեւ 38 երանգ, մինչդեռ ոչ մասնագետի աչքը՝ ընդամենը 5-6 երանգ:
Դեռ ավելին, հայտնաբերվել է չափազանց զարմանալի մի երեւույթ: Պարզվել է, որ շրջապատի իրերն ու երեւույթներն իրենց իսկական դիրքով ընկալելու ունակությունը ոչ թե կենսաբանական է, այլ հասարակական պրակտիկայի արդյունք է: Այսպես, փորձարկվողներին հագցրել են շրջապատը շրջված ցույց տվող հատուկ ակնոց եւ հետեւել են, թե ի վերջո ինչ կստացվի: Մոտ 3 ամիս անց շրջապատի նրանց ընկալումը լիովին ուղղվել է: Երբ ակնոցը հանել են, նրանք այս անգամ սկսել են ամեն ինչ շրջված տեսնել, իսկ որոշ ժամանակ անց՝ նորից նորմալ տեսնել: Այս փորձերը վկայում են պրակտիկայից մարդկային զգայական իմացության անմիջական կախման մասին եւ բանական իմացության՝ զգայականով միջնորդավորված կախման մասին, քանի որ բանականը կապված է զգայականի հետ:
Մարդկային իմացության կախումը պրակտիկայից, սակայն չի նշանակում, որ այն օժտված չէ հարաբերական ինքնուրույնությամբ եւ ընդհանրապես չի կարող պրակտիկայից անկախ զարգանալ: Իմացությունն օժտված է հարաբերական ինքնուրույնությամբ եւ որոշ սահմաններում կարող է կամ ետ մնալ, կամ էլ առաջ անցնել պրակտիկայից: Օրինակ, անհրաժեշտ գիտելիքների պակասի դեպքում մարդը դիմում է փորձի ու սխալի օգնությանը: Փորձեր է անում, սխալվում է, նորանոր  փորձեր է անում եւ սխալներ գործում եւ ուղղում, եւ նայում, թե ինչ է ստացվում: Շոգեմեքենան, կտավ գործող մեքենան եւ բազմաթիվ տեխնիկական այլ գյուտեր արվել են փորձի ու սխալի միջոցով: Շրջապատը շրջված ցույց տվող ակնոցի հետ կապված փորձերը եւս նույն ձեւով են արվել: Բոլոր նման դեպքերում պրակտիկան առաջ է անցնում իմացությունից եւ խթանում է նրա զարգացումը: Ճանաչողության, հատկապես տեսական ճանաչողության, ետ մնալը պրակտիկայից հաղթահարելու, այն պրակտիկայի մակարդակին հասցնելու համար երբեմն պահանջվում են ոչ միայն տասնամյակներ, այլեւ հարյուրամյակներ եւ հազարամյակներ: Այսպես, շոգեմեքենայի տեսությունը մշակելու, այսինքն՝ նրա էությունը, գործողության ներքին օրենքներն ու մեխանիզմը ճանաչելու համար պահանջվեց մի քանի տասնյակ տարի, հավերժական շարժիչի, քիմիական միջոցներով ոսկի եւ արծաթ ստանալու անհնարությունն իմանալու համար պահանջվեց մի քանի հարյուր տարի, իսկ խմորման ու թթվեցման պատճառներն ու մեխանիզմները ճանաչելու համար պահանջվեց մի քանի հազարամյակ, թեեւ մարդիկ պրակտիկորեն օգտագործում էին այդ գործընթացները հաց թխելու եւ գինի պատրաստելու համար: