Պրակտիկայի հիմնական ձևերը

Սակայն ի՞նչ է պրակտիկան:
Ընդհանուր առմամբ պրակտիկան (հունարեն պրակտիկոս-գործունյա, գործունակ բառից) մարդու նյութական, առարկայական նպատակադիր գործունեությունն է, որի ընթացքում նա վերափոխում է աշխարհի իրերն ու երեւույթները, դարձնում է դրանք նյութական բարիքներ: Մի խոսքով, պրակտիկան մարդու վերափոխիչ գործունեությունն է, որի միջոցով նա հարմարեցնում է աշխարհն իր 

պահանջմունքներին: Մարդու ողջ անձնական եւ հասարակական կյանքն ունի պրակտիկ, գործնական բնույթ: Իր ձեւերով այն չափազանց բազմազան է, բայց առանձնանում են նրա 4 հիմնական ձեւերը: 


Պրակտիկայի առաջին հիմնական ձեւը մարդկանց արտադրական գործունեությունն է արդյունաբերության, գյուղատնտեսության եւ արհեստների բնագավառում: Արտադրական պրակտիկայի շնորհիվ մարդիկ վերափոխում են բնության իրերն ու երեւույթները եւ դրանցից իրենց համար ստեղծում են գոյության միջոցներ: Գործարաններն իրենց հաստոցներով եւ այլ սարքավորանքով բնական հումքերը վերամշակելու խոշոր կենտրոններ են:

Պրակտիկայի երկրորդ հիմնական ձեւը մարդկանց հասարակական-պատմական գործունեությունն է: Այն նպատակ ունի վերափոխելու, բարելավելու հասարակական հարաբերությունները, հասարակական հիմնարկությունները, պետական կարգը, հասարակարգը: Տվյալ ձեւին են պատկանում ազգային ազատագրական շարժումները (օրինակ, Ղարաբաղյան շարժումը), հասարակական բարեփոխումները, հեղափոխությունները, պատերազմները եւ այլն: Այդ վերափոխությունների միջոցով ժողովուրդները ձգտում են հասարակական հարաբերությունները հարմարեցնել իրենց շահերին, այնպես անել, որ դրանք ավելի լավ, ավելի արդյունավետ ծառայեն իրենց բարեկեցությանը:
Պրակտիկայի երրորդ հիմնական ձեւը նյութական գործունեությունն է գիտության ու տեխնիկայի բնագավառում, մասնավորապես գիտափորձը եւ դիտարկումները: Գիտափորձի միջոցով գիտնականներն ազդում են իրենց իմացության օբյեկտների վրա, փոփոխությունների են ենթարկում նրանց եւ այդ փոփոխությունների շնորհիվ ճանաչում նրանց:
Վերջապես, պրակտիկայի չորրորդ հիմնական ձեւը ստեղծագործական եւ կատարողական գործունեությունն է արվեստի բնագավառում: Դա գեղանկարչի, քանդակագործի, երգահանի, ջութակահարի, դաշնակահարի եւ մյուս արվեստագետների աշխատանքն է: