Բանական իմացության հիմնական ձևերը

Բանական իմացությունը եւս ունի 3 հիմնական ձեւ, որոնք կոչվում են նաեւ մտածողության ձեւեր, կամ կարճ՝ մտքի ձեւեր: Դրանք են՝ հասկացությունը, դատողությունը եւ մտահանգումը:



Հասկացություն: «Հասկացություն» տերմինը ծագել է «հասկանալ» բառից: Այն պահանջում է մի որեւէ իր, երեւույթ կամ դրանց մի որոշակի խումբ բնորոշել այնպես, որ հասկանալի լինի, թե ինչ նկատի ունի ասողը: Դրա համար նա իր մտքում պետք է նշի այդ իրերի ու երեւույթների էական, ընդհանուր եւ անհրաժեշտ հատկանիշները, վերանալով մյուսներից, այսինքն՝ մի կողմ թողնելով ու անտեսելով դրանց ոչ էական, եզակի ու պատահական հատկանիշները, այն ամենը, ինչ դրանց գոյության համար անհրաժեշտ չէ: Օրինակ, մարդու համար մաշկի գույնը, մազերի գույնը, երկարությունը, սանրվածքը, հասակը, գիրությունը կամ նիհարությունը կարեւոր չեն: Առանց դրանց նա կարող է մարդ մնալ:


Իսկ առանց այնպիսի հատկանիշների, ինչպես գիտակցությունը, բանականությունը, հոդաբաշխ լեզուն, աշխատելու ունակությունը, մարդը գոյություն ունենալ չի կարող:
Հետեւապես, հասկացությունը բանական իմացության կամ մտքի մի ձեւ է, որն արտացոլում է իրերի ու երեւույթների ներքին, էական, ընդհանուր եւ անհրաժեշտ հատկանիշները կամ կարճ ասած՝ էությունը:
Հասկացության բովանդակությունը բացահայտվում է սահմանման միջոցով: