Զգայական իմացություն

Զգայական իմացությունը տեղի է ունենում մարդու զգայարանների միջոցով: Այն տալիս է իրերի ու երեւույթների մասին անմիջական, ակնառու, եզակի եւ մակերեսային գիտելիքներ: Զգայական գիտելիքներն անմիջական են, որովհետեւ ծագում են իրերի ու երեւույթների հետ զգայարանների ուղղակի շփման ընթացքում:
Ակնառու են, քանզի այդ իրերն ու երեւույթները տրվում են իրենց կոնկրետ ձեւերով, չափերով, գույներով, ջերմությամբ, հարթությամբ, համով, հոտով եւ այլն: Աշխարհի ամբողջ գեղեցկությունն ու հմայքը, ինչպես նաեւ տգեղությունն ու այլանդակությունը մարդն ընկալում է իր գիտելիքների ակնառու բնույթի շնորհիվ: Դրանք մեր հույզերի ու զգացմունքների աղբյուրն են, մեր ապրումների՝ հաճույքի, զմայլանքի, կամ ընդհակառակը՝ տհաճության, նողկանքի, վախի ու սարսափի հիմքը: Դրանք գիտելիքներ են տալիս այս կամ այն եզակի իրերի ու երեւույթների մասին, օրինակ՝ տվյալ մարդու, տվյալ վարդի գույնի եւ բուրմունքի, տվյալ լեռան՝ Արարատի կամ Ֆուձիյամայի, կամ էլ մի այլ եզակի լեռան մասին: Այդ գիտելիքները միաժամանակ տալիս են իրերի արտաքին պատկերը: Հիրավի, մարդը հազարամյակներ շարունակ դիտել է Արեգակը, կայծակը, էլեկտրականությունը, բայց չի կարողացել եւ սկզբունքորեն չի էլ կարող տեսնել դրանց ներսում ընթացող պրոցեսները, այն, որ Արեգակի խորքում տեղի են ունենում ջերմամիջուկային ռեակցիաներ, կայծակը էլեկտրական լիցքերի պարպում է, իսկ էլեկտրականությունը՝ էլեկտրոնների հոսք: Մի խոսքով՝ մարդը չի կարող զգայապես ընկալել իրերի ու երեւույթների ներքին էությունը, նրանց ներքին օրենքները: Նա սահմանափակվում է միայն նրանց արտաքին կողմերով:
Զգայական իմացությունն ունի 3 ձեւ՝ 1) զգայություն, 2) ընկալում եւ 3) մտապատկեր:
Զգայությունն անմիջական  եւ ակնառու գիտելիք է եզակի իրերի կամ երեւույթների առանձին արտաքին հատկությունների մասին: Օրինակ, նայելով կարմիր վարդին մարդը տեսողության միջոցով զգայում է նրա կարմիր գույնը, չափն ու ձեւը, ձեռքի միջոցով նրա ծաղկաթերթերի թավշությունը, փշի խայթոցը, իսկ հոտառության միջոցով՝ նրա բուրմունքը: Մարդու ականջը, քիթը եւ լեզուն մասնագիտացված են զգայելու իրերի ու երեւույթների միայն մեկ որոշակի հատկություն. ականջը միայն ձայները, քիթը՝ միայն հոտերը, իսկ լեզուն՝ միայն համը: Իսկ աչքն ու ձեռքը նմանօրինակ նեղ մասնագիտացում չունեն, նրանք զգայում են տարբեր տեսակի բազմաթիվ հատկություններ: Օրինակ, աչքը տեսնում է լույսը, գույները, չափերը, ձեւերը, հեռավորությունը: Ձեռքը զգայում է կարծրն ու փափուկը, ծանրն ու թեթեւը, տաքն ու սառը, չափն ու ձեւը, հարթն ու ոչ հարթը եւ այլն: Լույսի, գույների, համի ու հոտի, ձայնի զգայությունը նրանց համար անմատչելի է: