Բանական իմացություն

Բանական իմացությունը, որը կոչվում է նաեւ ռացիոնալ իմացություն (լատիներեն ռացիո-բանականություն բառից), վերացական կամ տրամաբանական մտածողություն, ավելի բարդ եւ բարձր մակարդակի գիտելիքներ է ապահովում: Այն տալիս է մարդուն իրերի ու երեւույթների միջնորդավորված, վերացարկված, ընդհանրացված եւ խոր, այսինքն՝ նրանց էության պատկերը:

 Բանական պատկերները միջնորդավորված են, որովհետեւ նրանց եւ իրերի ու երեւույթների միջեւ ընկած են զգայական պատկերները: Բանականության միջոցով մարդը վերլուծության է ենթարկում իր զգայական պատկերները, մտովի բաժանում է դրանք առանձին մասերի ու հատկանիշների, համեմատում միմյանց հետ եւ առանձնացնում ընդհանուր հատկանիշները եզակիներից, կարեւոր հատկանիշները՝ ոչ կարեւորներից, անհրաժեշտ հատկանիշները պատահականներից: Այդ պատկերները վերացական են, որքանով որ նա վերանում է անմիջականորեն տրված ակնառու, եզակի, պատահական, ոչ էական, արտաքին հատկանիշներից, իր մտքում պահելով միայն ոչ ակնառու, ներքին, ընդհանուր, անհրաժեշտ եւ էական, այսինքն՝ կարեւոր հատկանիշները, ստեղծում է իրերի ու երեւույթների յուրատեսակ ամբողջական վերացական պատկերներ: Այնպիսի պատկերներ, որոնց իրական աշխարհում ոչ մի բան չի համապատասխանում, ինչպես, օրինակ, մարդու, սեղանի, բույսի, գեղեցկության, կարծրության ընդհանրական պատկերները: Մարդը կարող է ընկալել մի կոնկրետ, եզակի մարդու, բայց մարդն ընդհանրապես, մարդը որպես այդպիսին ընկալելի չէ: Չէ որ մարդը չի կարող միաժամանակ ե՛ւ սպիտակամորթ լինել, ե՛ւ սեւամորթ, ե՛ւ գեր, ե՛ւ նիհար, ե՛ւ թխահեր, ե՛ւ շիկահեր եւ այլն: Սեղանն էլ որպես այդպիսին 
չի կարող միաժամանակ եւ քառանկյուն, եւ եռանկյուն, եւ բազմանկյուն, եւ շրջանաձեւ լինել: Այդպիսի սեղան չկա, եւ մարդը ոչ միայն չի կարող ընկալել, այլեւ չի կարող երեւակայել այն:
Այստեղից պարզ է, որ բանական իմացությունն իր բնորոշ գծերով, իր բովանդակությամբ զգայական իմացության ճիշտ հակադրությունն է: Եթե զգայական իմացությունը մարդուն տալիս է իրերի ու երեւույթների անմիջական, ակնառու, եզակի, սակայն մակերեսային պատկերը, ապա բանական իմացությունն, ընդհակառակը, տալիս է դրանց միջնորդավորված, վերացական, ընդհանուր, սակայն ներքին, խոր պատկերը, այսինքն՝ արտացոլում է դրանց ներքին հիմքը, էությունը, ներքին օրենքները: Օրինակ, մարդը հազարամյակներ շարունակ դիտել է մոլորակների շարժումը, բայց չի կարողացել տեսնել դրա էությունը, իմա՝ այնտեղ գործող մեխանիկական ուժերը եւ ներքին օրենքները: Դա կարողացավ անել Նյուտոնն իր բանականության հանճարի ուժով:
Ստացվում է, զգայական պատկերները ձեւով շատ ավելի մոտ են իրականությանը, բայց բովանդակությամբ հեռու են, իսկ բանական պատկերներն, ընդհակառակը, ձեւով հեռու, անգամ կտրված են թվում իրականությունից, սակայն բովանդակությամբ շատ ավելի մոտ են:
Չնայած այդ հակադրությանը, զգայականըեւ բանականը միասնաբար գործելու դեպքում լրացնում են միմյանց, տալով աշխարհի համակողմանի ամբողջական պատկերը, որի մեջ արտացոլվում են իրերի ու երեւույթների բոլոր տեսակի կողմերն ու հատկանիշները՝ ե՛ւ անմիջական, ե՛ւ միջնորդավորված, ե՛ւ ակնառու, ե՛ւ վերացական, ե՛ւ եզակի, ե՛ւ ընդհանուր, ե՛ւ մակերեսային, ե՛ւ ներքին: