Մտահանգման տեսակները

Մտահանգում: Մտահանգումը մտքի առավել բարդ ձեւն է: Իր կառուցվածքով այն եռանդամ է, որովհետեւ բաղկացած է նախկինում ձեռք բերված դատողություններից (գիտելիքներից), մտածողության օրենքներից ու կանոններից եւ դրանց հիման վրա ստացած նոր դատողություններից, որոնք նոր գիտելիքներ են պարունակում: Առկա դատողությունները կոչվում են մտահանգման նախադրյալներ, մտածողության օրենքներն ու կանոնները՝ այդ նախադրյալներից նոր դատողություններ բխեցնելու տրամաբանական միջոցներ, իսկ նոր ստացված դատողությունները՝ եզրակացություններ: 


Մտահանգման շնորհիվ մարդկային իմացությունը մտապատկերներից հետո ստանում է իր հարաբերական ինքնուրույնության երկրորդ աղբյուրը:
 Գոյություն ունեն 3 տեսակի մտահանգումներ՝ ինդուկցիա, դեդուկցիա եւ տրադուկցիա:
Ինդուկցիան (լատիներեն ինդուկցիո-մակածում բառից) իմացության շարժումն է առկա եզակի ու մասնավոր դատողություններից դեպի ընդհանուր դատողությունները: Դա ընդհանրացման գործընթաց է: Օրինակ, երկաթալարի տարբեր կտորներ  էլեկտրական հոսանքին միացնելուց հետո կազմում ենք եզակի դատողություններ այն մասին, որ լարի առաջին, երկրորդ, երրորդ եւ մյուս կտորները հաղորդիչ են:
Ինդուկցիան լինում է լրիվ եւ ոչ լրիվ:
Լրիվ ինդուկցիան կիրառվում է այն դեպքում, երբ ուսումնասիրման ենթակա որեւէ դասի իրերի ու երեւույթների քանակը սահմանափակ է եւ կարելի է դրանցից ամեն մեկը փորձարկել: 
Իսկ եթե այդ դասի իրերի ու երեւույթների քանակն անվերջ կամ վիթխարի է, ապա դիմում են ոչ լրիվ ինդուկցիային. ուսումնասիրում են դրանց մի փոքր մասը եւ ստացված գիտելիքները տարածում են տվյալ դասի բոլոր իրերի ու երեւույթների վրա: 
Դեդուկցիան (լատիներեն դեդուկցիո-արտածում բառից) բանական իմացության շարժումն է ընդհանուրից դեպի եզակին ու մասնավորը, ինչպես նաեւ ընդհանուրից դեպի ընդհանուրը: Պարզ դեպքում դեդուկցիան բաղկացած է 2 նախադրյալից՝ մեծ եւ փոքր: Մեծ նախադրյալը ինդուկցիայի միջոցով ստացված ընդհանուր դատողությունն է, օրինակ՝ այն մասին, որ բոլոր մետաղները հաղորդիչ են: Փոքր նախադրյալը եզակի դատողություն է այն մասին, որ ուրանը մետաղ է: Եթե, հիրավի, բոլոր մետաղները հաղորդիչ են եւ պարզվել է, որ ուրանը մետաղ է, ապա կարելի է եզրակացնել, որ ուրանը եւս հաղորդիչ է: Դեդուկցիայի եզրակացությունը, ինչպես տեսնում ենք տվյալ դեպքում, եզակի կամ մասնավոր դատողություն է:
Դեդուկցիայից ստացված եզրակացությունները հավաստի դատողություններ են: Դա նշանակում է՝ եթե նրա նախադրյալները ճշմարիտ են եւ մտածողության օրենքներն ու կանոնները ճիշտ են կիրառվել, ապա դրանցից բխող եզրակացությունը եւս ճշմարիտ է եւ ստուգման կարիք չունի: Հակառակ դեպքում եզրակացությունը կլինի սխալ: 

Տրադուկցիան մի այնպիսի մտահանգում է, որը հիմնված է իրերի ու երեւույթների համանմանության վրա: Եթե 2 իրեր իրենց մի շարք հատկություններով միմյանց նման են, ապա կարելի է եզրակացնել, որ դրանք նման են նաեւ իրենց մյուս հատկություններով: Օրինակ, արեգակնային համակարգի մոլորակների միջեւ  միջեւ Երկրին ամենանմանը Մարս մոլորակն է: Երկրի նման Մարսի վրա կա մթնոլորտ, ջուր, տարվա եղանակների փոփոխություն, ջերմային մի փոքր խիստ ռեժիմ եւ այլն: Երկրի վրա կա կյանք եւ դա հիմք է տալիս ենթադրելու, որ Մարսի վրա եւս կարող են կենդանի օրգանիզմներ լինել:
Տրադուկցիայից արվող եզրակացություններն ունեն հավանական բնույթ, պահանջում են փորձնական ստուգում: Ուստի՝ տիեզերական կենսաբանությունը ձգտում է փորձնականորեն լուծել Մարսի վրա կենդանի օրգանիզմների գոյության հարցը:
Տրադուկցիայի եզրակացությունների հավանականության աստիճանը կարող է տարբեր լինել. որքան կարեւոր, էական ու բազմաթիվ են համեմատվող երեւույթների նման հատկանիշները, այնքան բարձր է այդ եզրակացությունների հավանականությունը, եւ հակառակը: