Բացարձակ եւ հարաբերական ճշմարտություն:

Ճշմարտության օբյեկտիվությունը պարզելուց հետո ծագում է մի այլ հարց. իսկ որքանով է այն լրիվ, սպառիչ, մանրամասն ու ճշգրիտ արտացոլում իր առարկան: Դա բացարձակ ու հարաբերական ճշմարտության հիմնախնդիրն է:


Բացարձակ ճշմարտությունն իր առարկայի լրիվ, սպառիչ, մանրամասն ու ճշմարիտ արտացոլումն է: Այն կատարյալ է եւ որեւէ փոփոխության ենթակա չէ, այն հավիտենական ճշմարտություն է: Հարաբերական ճշմարտությունն, ընդհակառակը, արտացոլում է իրականությունը ոչ լրիվ, ոչ սպառիչ, թերի ու մոտավորապես: Այն անկատար է, փոփոխական եւ ժամանակավոր:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության փոխհարաբերության վերաբերյալ ձեւավորվել են 3 տարբեր տեսակետներ:
Առաջինը դասական մետաֆիզիկայի տեսակետն է, որն ընդունում է բացարձակ ճշմարտությունը եւ ժխտում է հարաբերական ճշմարտությունը: Ըստ այս տեսակետի, մի որեւէ միտք կարող է կամ բացարձակ ճշմարտություն լինել, կամ էլ՝ բացարձակ մոլորություն: Միջինը չկա: Ճշմարտությունն ու մոլորությունը, հետեւաբար, բացարձակապես հակադիր են միմյանց: Այս տեսակետը տանում է դեպի ճշմարտության մոնիստական ըմբռնումը: Մոնիզմը պնդում է, որ ամեն մի իրի կամ երեւույթի մասին ճշմարտությունը մեկն է, միակն է: Երկու եւ ավելի ճշմարտություն չի կարող լինել: Առաջին հայացքից դա կարծես թե ճիշտ է, իսկ պարզագույն դեպքերում դա, իրոք, ճիշտ է: Օրինակ, մածնի սպիտակ կամ սեւ լինելու մասին 2 ճշմարիտ կարծիք չի կարող լինել: Բայց խնդիրը խիստ բարդանում է,  երբ խոսքը գիտական, տեսական խոր ճշմարտություններին է վերաբերում: Այստեղ պարզ, միանշանակ «այո կամ ոչ» սկզբունքով լուծումները կիրառելի չեն, որովհետեւ տարբեր տեսություններ կարող են տարբեր առումներով ճշմարիտ լինել, այսինքն՝ մի տեսակետից ճշմարիտ լինել, մի այլ տեսակետից՝ ոչ: Այդ մասին ավելի մանրամասն կասվի մի փոքր հետո:
Տվյալ մետաֆիզիկական տեսակետն իշխող է եղել փիլիսոփայության մեջ մինչեւ XIX դ. սկիզբը, այսինքն՝ մինչեւ Հեգելը, իսկ բնագիտության մեջ, հատկապես մաթեմատիկայում եւ ֆիզիկայում՝ մինչեւ XIX դ. վերջը - XX դ. սկիզբը: Այդ շրջանում ամեն մի փիլիսոփա իր ուսմունքը համարում էր բացարձակ ճշմարտություն, իսկ մյուս ուսմունքները՝ մոլորություն: Նույն ձեւով բացարձակ ճշմարտություն էին համարվում էվկլիդյան երկրաչափությունը եւ նյուտոնյան մեխանիկան: Դրանցից էր, օրինակ, գերմանացի փիլիսոփա Դյուրինգը (XIX դ. 60-70-ական թթ.), որը բոլոր փիլիսոփաներին համարում էր կամ բթամիտ, կամ էլ խաբեբա: Բթամիտները չեն կարողացել տեսնել ճշմարտությունը, իրենք մոլորվել են եւ մոլորեցրել են մյուս մարդկանց: Խաբեբաները սուր մտքի տեր են, տեսել են, բայց չեն ասել ճշմարտությունը, ձգտելով մոլորեցնել մարդկանց եւ դրանից օգուտ քաղել: Նա իրեն հռչակեց միակ մտածող, որը եւ սուր միտք ունի, եւ ազնիվ է՝ տեսնում եւ բոլորին ասում է ճշմարտությունը: Սակայն, նրա ուսմունքի վերլուծությունից պարզվեց, որ նա այնուամենայնիվ բթամիտ ազնիվներից է, որովհետեւ նրա ուսմունքը հիմնականում մոլորություն է: 
Բացարձակ ճշմարտության մետաֆիզիկական ըմբռնումը դոգմատիզմի իմացաբանական հիմքն է: 
Դոգմատիզմը (հունարեն դոգմա-կարծիք, որոշում բառից) բացարձակացնում է ճշմարտությունը, կուրորեն հավատում եւ պաշտում է այն: Ըստ դոգմատիզմի, եթե մի որեւէ ուսմունք կամ տեսություն ճշմարիտ է, ապա ճշմարիտ է լիովին, այն անշարժ ու անփոփոխ հավերժական ճշմարտությունների մի հավաքածու է եւ չի կարելի այն ավելի խորացնել, հստակեցնել ու ճշգրտել: Դրա հետեւանքով ճշմարիտ գիտելիքները սկսում են քարանալ, ետ մնալ իրականությունից, կտրվել կյանքից եւ վերածվել մոլորության: Դոգմատիզմը սպանում է գիտելիքի մեջ եղած ճշմարտությունը: Եվ պատահական չէ, որ մարքսիզմ-լենինիզմի եւ առաջին հերթին գիտական կոմունիզմի տեսության դոգմատացումը դարձավ հզորագույն համաշխարհային կոմունիստական շարժման եւ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր պատճառներից մեկը: